ՄԱԼԱՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵՐԳԵՅԻ

+374 10 344944(աշխ.) +374 10 343510 (աշխ.)
Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, Հայաստան, Երևան, Ֆուչիկի փող., 30 շենք

ՄԱԼԱՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵՐԳԵՅԻ, ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲԿԱԳՄԱ-ի և ՌԴ ԲՏԳԱ-ի ակադեմիկոս, 1984թ.-ից մինչ օրս ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժն է, 1992թ.-ից մինչ օրս ղեկավարում է ԵՊԲՀ Աչքի հիվանդությունների ամբիոնը, 1996թ.-ից մինչ օրս հայ-ամերիկյան "Eye Project" (AESP) մարդասիրական ծրագրի բուժտնօրենն է, 1999թ.-ից մինչ օրս` Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի տնօրենը:

1966թ. ավարտել է Երևանի Ա.Ս. Պուշկինի անվ. միջն. դպրոցը, 1972թ.-ին՝ ԵՊԲԻ-ի Բուժական ֆակուլտետը, ապա` նույն համալսարանի Կլինիկական օրդինատուրան` ակնաբուժություն մասնագիտությամբ:

1972-1975թթ. աշխատել է ՀՍՍՀ Վարդենիսի շրջանի բուժմիավորումում, 1977-1978թթ.` Երևանի թիվ 5 քաղաքային բուժմիավորումում: 1978-1999թթ. եղել է Հանրապետական գլաուկոմատոզային դիսպանսերի բաժնի վարիչ, 1982-1986թթ.` ԵՊԲԻ-ի Աչքի հիվանդությունների ամբիոնի ասիստենտ:

1982թ. պաշտպանել է «Տաուրինի կիրառումով եղջերաթաղանթի ներթափանցող վերքերի բուժում» թեմայով ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1992-2003թթ. եղել է ԵՊԲՀ Աչքի հիվանդությունների ամբիոնի դոցենտ, 2003թ.-ից՝ պրոֆոսոր:

2000թ. պաշտպանել է «Բնակչության ակնաբուժական օգնության արդյունավետությունը բարձրացնող կազմակերպչական, պրոֆիլակտիկ, բուժական և վերականգնողական միջացառումների համալիր» թեմայով ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1984-1988թթ. առաջին անգամ Հայաստանում կլինիկական պրակտիկայում ներդրել է հետևյալ միկրովիրաբուժական մեթոդները.

1. Կատարակտայի հեռացում արհեստական ոսպնյակի տեղադրմամբ

2. Ֆակոէմուլսիֆիկացիա

3. Մեծահասակների ներթափանցող եղջերաթաղանթի փոխպատվաստում /կերատոպլաստիկա/

4. Վիտրեկտոմիա

Մի շարք հայաստանյան և միջազգային կազմակերպությունների անդամ է, մասնավորապես` Հայկական միջազգային օֆթալմիկ միություն (1999թ), Հայաստանի առողջապահության կազմակերպիչների ասոցիացիայի կառավարման նախագահություն (2003թ), Գիտությունների և բնապահպանության, կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիա (իսկական անդամ՝ 2006թ.), ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիա (իսկական անդամ):

2002թ.-ին արժանացել է պատվոգրի Առողջապահական համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության և աշխատանքային գնահատելի հաջողությունների համար, իսկ 2006թ.-ին պարգևատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով, 2011թ.՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան, 2012թ.-ին՝ «Հանուն խաղաղ Կովկասի» ոսկե մեդալներով:

2015թ.-ին արժանացել է ՀՀ վաստակավոր բժշկի կոչման:

2018թ.-ին պարգևատրվել է «Չիժևսկու աստղով»:

Հեղինակ է 135 գիտական հոդվածի, 1 մոնոգրաֆիայի, 2 ռացիոնալիզատորական առաջարկության, 5 գյուտի, 35 գիտական աշխատանքի, մեթոդական ցուցման, ինչպես նաև համահեղինակ` ակնաբուժության հայալեզու դասագրքի, «Անհետաձգելի ակնաբուժական օգնություն», «Ռազմադաշտային ակնաբուժություն», «Նեյրոօթալմոլոգիա», և "Comprehensive Eye Examination" ուսումնական ձեռնարկների: