Նորություններ

Նորություններ

...
Փոփոխություններ հանրային սննդի ոլորտում
26.01.2019

Հաջորդ տարվա կեսից հանրային սննդի ոլորտն ամբողջությամբ գործելու է շրջանառության հարկի դաշտում: Սա նախատեսվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով, որը դեկտեմբերի 12-ին կդրվի քննարկման Ազգային ժողովի արտահերթ նիստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը նկատեց, որ առաջարկվող փոփոխություններով հարկային պարտավորությունների ավելացում կարձանագրվի ոլորտում, որը, գների աճի չի բերի: «Դա այն ավելացումն է, որը ոլորտի կարծիքով չի հանգեցնելու ոլորտում գների աճին: Այսինքն` իրենց շահույթների հաշվին կոմպենսացվելու է հարկային բեռը»,-ասաց Դավիթ Անանյանը:

Փոխնախարարի դիտարկմամբ`այս ոլորտի ներկայացուցիչներն արդարացիորեն ընդունում են, որ ներկայում ոլորտի հարկման ռեժիմը`արտոնագրային վճարով հարկումը, բավականին մեղմ է, ինչի արդյունքում էլ հանրային սննդի ոլորտը կայացել է: «Իրենք էլ ընդունում են, որ հարկման բեռը, այո, անհրաժեշտ է ոլորտի համար բարձրացնել, բայց այնպես, որ դա որևէ ազդեցություն չունենա գների վրա, քանի որ այն անմիջականորեն կապված է թե գյուղատնտեսության, թե զբոսաշրջության հետ»,-ասաց Դավիթ Անանյանը:

Ոլորտը ներկայում հարկվում է արտոնագրային հարկով (վճարով)։ 2016-ի հոկտեմբերին ընդունված Հարկային օրենսգրքով նախատեսվում է, որ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 100 քմ (ներկայում գործող օրենսդրությամբ 600 քմ է) մակերես ունե­ցող սպասարկման սրահների միջոցով գործու­նեություն իրակա­նաց­­նող հարկ վճարողները շարունակեն համարվել արտո­նա­գրային հարկ վճարող, իսկ 100 քմ գերազանցող մակերես տնտեսվարողները հարկվեն ընդհանուր հարկման համակարգով։ Ինչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչների մոտ, Դավիթ Անանյանի տեղեկացմամբ, մտահոգություն էր առաջացրել այն իմաստով, որ ոլորտի առանձնահատկությունից ելնելով նրանց գործարքների փաստաթղթավորումը շատ դեպքերում անհնարին է: «Օրինակ` աշխատանքը կազմակերպելիս նրանք ապրանքներ ձեռքբերումներ են կատարում գյուղացուց և գյուղացիական տնտեսություններից և հարկման ընդհանուր դաշտում գործելու դեպքում կարող են ունենալ անհամեմատ հարկային մեծ պարտավորությունների աճ`3-4 անգամ աճ»,-նշեց փոխնախարարը:

Առաջարկվող փոփոխությունով` նախատեսվում է մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը արտոնագրային հարկ սահմանել 100 քմ-ի փոխարեն մինչև 600 քմ տարածքով սրահ ունեցող հանրային սննդի կազմակերպիչների համար, իսկ դրանից հետո ողջ ոլորտը մտցնել շրջանառության հարկի դաշտ: Եվ այդ դեպքում չի գործի ոչ շրջանառության հարկի շեմը, ոչ որևէ ծավալային շեմ: «Այսպիսով`ոլորտի համար շրջանառության հարկի դրույքաչափը կսահմանվի 10 տոկոս` միևնույն ժամանակ տնտեսվարողներին հնարավորություն տալով հանել պարտավորություններից փաստաթղթավորված ծախսերի 6 տոկոս, բայց ոչ պակաս, քան շրջանառության 4 տոկոսը»,-ասաց Դավիթ Անանյանը:

Փոխնախարարը օրինակով բացատրեց վերոնշյալի կիրառումը: «Ենթադրենք տնտեսվարողը եռամսյակի ընթացքում ունեցել է 10 միլիոն դրամի շրջանառություն, որի 10 տոկոսը` 1 միլիոն դրամն, իր շրջանառության հարկի պարտավորությունն է: Ենթադրենք նա աշխատում է 25 տոկոս շահութաբերությամբ (7.5 միլիոն դրամն իր ծախսերն են) և հնարավորություն է ունեցել ամբողջությամբ իր ծախսերը փաստաթղթավորելու: Այսպիսով` 7.5 միլիոն դրամի 6 տոկոսը կազմում է մոտ 450 հազար դրամ,  ինչը տնտեսվարողը հնարավորություն կունենա նվազեցնելու 1 միլիոնից, կստացվի 550 հազար դրամ: Ըստ էության տվյալ տնտեսվարողի համար պարտավորության իրական չափը  շրջանառությունից կազմեց 5.5 տոկոս»,-նշեց փոխնախարարը: