ԱՂԱՎԵԼՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻՆԱՍԻ

<<Աստղիկ>> բժշկական կենտրոն, Դանիել Վարուժանի փող., 28 շենք, 0032, Երևան, Հայաստան

ԱՂԱՎԵԼՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻՆԱՍԻ (ծնվ. 1951թ, Երևան), պրոկտոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1998թ-ից Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (հայկական մասնաճյուղ) ակադեմիկոս է: 1999թ-ից ՀՀ Ազգային առողջապահության ինստիտուտի նորաստեղծ պրոկտոլոգիայի ամբիոնի վարիչն է, 2006թ-ից ՀՀ ԱՆ գլխավոր պրոկտոլոգն է, 2017թ-ից մինչ օրս աշխատում է <<Աստղիկ>> ԲԿ-ում՝ որպես Կոլոպրոկտոլոգիայի ծառայության ղեկավար:

1968թ-ին ավարտել է Երևանի Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը, 1968-1974թթ սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում:

1974թ Երևանի Հանրապետական կլինիկական հիվանդանոցի բազայի վրա անցել է ինտերնատուրա վիրաբուժություն մասնագիտությամբ:

1980թ ընդունվել է Մոսկվայի Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի պրոկտոլոգիայի ամբիոնի ասպիրանտուրա:

1983թ ակադեմիկոս Ֆյոդորովի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ռեկոնստրուկտիվ-վերականգնողական վիրահատությունները կոլոստոմայով հիվանդների մոտ ուղիղ աղու մասնահատումից հետո» թեմայով և ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1994թ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Կոլոռեկտալ պերիտոնիտների բուժումը բաց որովայն (լապարաստոմա) մեթոդով՝ պոլիմերային նյութերի օգտագործմամբ» և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1975թ-ից աշխատել է Աշտարակի շրջանային հիվանդանոցում, այնուհետև՝ Հոկտեմբերյանի շրջանի Մեծամոր ավանի թիվ 130 բուժման մասում՝ որպես վիրաբույժ:

1979-1980թթ աշխատել է պրոկտոլոգ Երևանի 8-րդ կլինիկական հիվանդանոցի պրոկտոլոգիայի բաժանմունքում՝ որպես պրոկտոլոգ:

1984թ-ին աշխատել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի պրոկտոլոգիայի ամբիոնի ասիստենտ Կոլոպրոկտուոգների հայկական դպրոցի հիմնադիր, ակադեմիկոս Լ. Նազարովի ղեկավարությամբ:

 1985-1998թթ միաժամանակ ղեկավարել է ՀՀ ԱՆ Պրոկտոլոգիայի ԳՀԻ-ի հաստ աղու վիրահատության բաժանմունքը:

1998թ-ին նշանակվել է ՀՀ ԱՆ Լ. Նազարովի անվան պրոկտոլոգիայի ԳՀԻ-ի տնօրեն:

1999թ-ին ուղեգրով մեկնել է ԱՄՆ, Գլենդելի մեմորիալ հոսպիտալում անցել է մենեջմենթի երկամսյա դասընթացներ` ստանալով մենեջերի դիպլոմ:

2000-2017թթ եղել է «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ, կոլոպրոկտոլոգիայի կենտրոնի ղեկավար:

Մասնակցել է վերապատրաստման  մի շարք դասընթացների, մասնավորապես՝ 11-րդ Հայկական բժշկության միջազգային կոնգրես, Լոս Անջելես, ԱՄՆ (2013), Միջազգային կոնֆերանս «Ուղիղ աղիքի չարորակ քաղցկեղի նոր տեխնոլոգիաներ» (2013), Հերոնտո վիրաբուժության միջազգային կոնգրես, Երևան (2013):

2000-ից Ռուսաստանի կոլոպրոկտոլոգների ասոցիացիայի անդամ է, իսկ 2015-ից՝  Հայաստանի կոլոպրոկտոլոգների ասոցիացիայի նախագահը:

ՀՀ ՆԳՆ հիվանդանոցի խորհրդատու է:

Պարգևատրվել է <<ՍՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակ>> հոբելյանական շքանշանով (1978թ), արժանացել «Գիտության և արվեստի ասպետ» (1999թ),  ՀՀ վաստակավոր բժշկի (2007) կոչումների:

Հեղինակ է ավելի քան 300 գիտական հոդվածի, ինչպես նաև 1 մենագրության, 2 արտոնագրի, 8 մեթոդական ցուցման, 6 նորարական առաջարկության և 3 հեղինակային վկայագրի: